Գովազդի և ինտեգրացիաների համար դիմել մեզ

 Հիվանդության առաջին իսկ նշանների դեպքում՝ դիմեք բժշկի կամ զանգեք 1-03

Շողշողուն դեմք նույնիսկ ձմռանը

Ոչինչ այնքան չի «նեղացնում» մեր դեմքի նուրբ մաշկը, որքան ձմռան ցուրտը, տարբերվող ջերմաստիճանը՝ ներսում ու դրսում, չոր օդը։ Այս ամենի արդյունքում նույնիսկ յուղոտ ու կոմբինացված մաշկն է դառնում՝ ավելի չորությանը հակված, գունատ, թեփոտող, նույնիսկ ձգվածության զգացողություն է առաջանում։ Սակայն այս բոլոր խնդիրների լուծումը կա։ Պարզապես անհրաժեշտ է համապատասխան խնամքն իրականացնել ու շողշողուն մաշկ ունենալ՝ նույնիսկ ամենադաժան ցրտին։

Շողշողուն դեմք նույնիսկ ձմռանը

Ինչու է մաշկը տուժում ցրտից

Պատկերացրեք, որ ձեր մաշկը նուրբ ծաղիկ է։ Ձմռանն այն դաժան եղանակային պայմանների զոհ է դառնում՝ ցածր ջերմաստիճան, քամի, չոր օդ։ Այս ամենը խախտում է մաշկի բնական հիդրոլիպիդային պաշտպանիչ շերտը, որը մաշկը պաշտպանում է արտաքին ազդեցություններից։ Խախտված բալանսի արդյունքում՝ ջուրն ավելի հեշտությամբ է հեռանում մաշկից՝ առաջացնելով ավելի չոր՝ ջրազրկված, դառնալով պակաս էլաստիկ։

Ինչպես օգնել մաշկին

  • Խնամքով մաքրում: Հատկապես ձմռանը պետք է կոշտ մաքրող միջոցները՝ փրփուրները, պիլինգները, որոնք խորը մաքրման արդյունքում ավելի ջրազրկված կարող են դարձնել մաշկը։ Տարվա այս եղանակին նախապատվությունը պետք է տալ այնպիսի փափուկ միջոցներին, որոնք հիդրոլիպիդային բարիերը չեն վնասի։ Հատկապես ձմռանը պետք է հիշել, որ դեմքը լվանալու համար ջրի ամենալավ ջերմաստիճանը չպետք է գերազանցի 38-39 աստիճանը։ Ավելի տաք ջուրն է՛լ ավելի է չորացնում մաշկը։
  • Ինտենսիվ խոնավեցում: Ինչպես արդեն ասացինք, ձմռանը մաշկը հատուկ խոնավեցման կարիք ունի։ Բոլորովին պատահական չէ, որ խնամքի կոսմետիկա արտադրող ընկերություններից շատերը հստակ տարանջատում են ձմեռային և ամառային խնամքի միջոցները։ Ձմեռային խոնավեցնող քսուքներում գերակշռում են պոլիչհագեցած յուղերը՝ հիմնականում բուսական ծագման, որոնք հատկապես լավ են կլանվում էպիդերմիսի կողմից։ Դրանք ապահովում են երկարատև խոնավեցում, նաև սնուցում են մաշկը։ Ձմռան խնամքի կոսմետիկան կարող է նաև պարունակել հիալուրոնաթթու, կերամիդներ։ Այս բոլոր բաղադրիչները նաև դրական ազդեցություն են ունենում մաշկի տեքստուրայի վրա՝ այն ավելի հարթ դարձնելով (ողջույններ՝ մաշկի մանր կճիռների դեմ պայքարողներին)։
  • Ներքին և արտաքին սնուցում: Արտաքին խնամքի չափ կարևոր է նաև սնուցումը՝ այսպես ասած ներսից։ Որքան վիտամիններով ու հանքանյութերով հարուստ լինի ձեր սննդակարգը, այնքան արտաքին խնամքի միջոցների ազդեցությունը ևս կմեծանա։ Անպայման ներառեք հակաօքսիդանտներ, խմեք բավարար քանակի հեղուկ՝ գերադասելի է սենյակային ջերմաստիճանի ջուր։ Իսկ մաշկի համար հավելյալ սնուցում ապահովելու համար ընդունեք նաև այնպիսի սննդային հավելումներ, ինչպիսին են Օմեգա 3 ճարպերը։
  • Պաշտպանություն արևից: Հաճախ կարելի է լսել, թե ձմռանն արևն այնքան ինտենսիվ չէ, ուստի դրանից պաշտպանվելու անհրաժեշտությունը ևս նվազում է։ Բազմաթիվ գիտական հետազոտություններ փաստում են, որ նույնիսկ ձմռանը դեմքի նուրբ մաշկը արևապաշտպան քսուքների կարիք ունի, և դրանց ամենօրյա օգտագործումը դրական ազդեցություն է ունենում ոչ միայն ձմեռային խնամքի տեսանկյունից, այլև կասեցնում է ժամանակից շուտ ծերացման գործընթացը։ Ինչպես արդեն ասացինք, բնական որակյալ յուղերով հարուստ խնամքի միջոցները, որոնք առավելապես նախատեսված են ձմեռային խնամքի համար օգնում են անգամ փոքր կնճիռների հարթեցման հարցում։ Հենց այս ազդեցությունը բարձրացնելու համար SPF պաշտպանությամբ քսուքները կարևոր են նաև ձմռանը։
  • Հատուկ ուշադրություն շուրթերին: Շուրթերի մաշկն ամենանուրբն է դեմքի վրա։ Ցավոք, մենք միշտ չէ, որ դրանց բավարար ուշադրություն ենք դարձնում, էլ չասած տարբեր չորացնող շրթներկերի օգտագործման հետևանքների մասին։ Սնուցող բալզամների ներկայիս առատության պայմաններում՝ շուրթերի հանդեպ նման վերաբերմունքը առնվազն արդար չէ։ Օրական մի քանի անգամ նման բալզամների կիրառությունը շուրթերը հարթ, գեղեցիկ ու սնուցված կպահի։

Հատուկ ուշադրություն շուրթերին: Շուրթերի մաշկն ամենանուրբն է դեմքի վրա

Գործոններ, որոնք ևս կարևոր են

  • Տարածքի օդի խոնավեցում։ Որքան էլ խնամեք մաշկը, դա չի փոխարինի փակ տարածության օդի չորության դեմ պայքարին։ Այնպես որ օդի խոնավեցումը նույնքան կարևոր է, որքան վերը նշված բոլոր խորհուրդները։
  • Պաշտպանեք դեմքը քամուց: Համոզված ենք, որ նույնիսկ ձմռան ամենացուրտ օրերին տեսել եք քամուց «արևայրուք» ունեցողների։ Սովորական արևայրուքից այն տարբերվում է սպեցիֆիկ կարմիր գույնով և մաշկի ընդգծված չորությամբ։ Սա իհարկե առավելապես բարձր լեռնային գոտիներին հատուկ հետևանք է, սակայն նույնսկ հարթավայրերում կարելի է նման «արևայրուք» «վաստակել»։ Լավագույն միջոցը համապատասխան աքսեսուարներն է՝ շարֆերը, գլխարկներն ու ձեռնոցները։
  • Այցելեք կոսմետոլոգի: Իհարկե տնային խնամքը շատ հարցերի արագ լուծումն է, սակայն կոսմետոլոգին պարբերաբար այցելելը թույլ կտա մաշկը սնուցել, խոնավեցնել պրոֆեսիոնալ կերպով և խուսափել ձմռանն առաջացող բազմաթիվ խնդիրներից։

Ձմեռը լավագույն ժամանակն է՝ դեմքի խնամքով հետևողական կերպով զբաղվելու համար։ Հաշվի առնելով, թե որքան դյուրին է դա անելը ներկայիս խնամքի միջոցոներով՝ այն ձեզնից շատ ժամանակ չի տանի, բայց կապահովի շողշողուն մաշկ՝ նույնիսկ ամենախստաշունչ ձմեռների ընթացքում։ Եղեք առողջ, և անհրաժեշտության դեպքում դիմեք բժիշկներին։