Ինչու է կարևոր հիդրացիան հարբուխի դեպքում
Հարբուխը կամ գրիպը, ինչպես սիրում ենք ասել, նենգ հիվանդություն է, որը «գալիս է» հանկարծակի, խախտում է մեր բոլոր պլանները, ստիպում է մի քանի օր դառնալ լրիվ ուրիշ մարդ։ Հարբուխի բուժման դեղամիջոցներն օր օրի բարելավվում են՝ ապահովելով արագ ապաքինում։ Իհարկե դեղորայքային բուժումը կարևոր է, սակայն մենք, ցավոք, մոռանում ենք ոչ պակաս կարևոր մի հանգամանքի մասին։ Կենարար ջուրը։
Բազմաթիվ գիտական հետազոտություններ են ցույց տվել օրգանիզմի հիդրացիայի կամ բավարար քանակով ջուր խմելու օգուտները, հատկապես երբ մեր օրգանիզմը պայքարում է ամենատարբեր վիրուսների և ինֆեկցիաների դեմ։ Եկեք միասին հասկանանք, թե ինչու է ջուրը կարևոր մեզ համար։
Ջրի կարևորության մասին
Հարբուխը միայն լցված քիթն ու հազը չեն։ Այն իրական «հարձակում» է մեր օրգանիզմի վրա, որը կարող է ուղեկցվել բարձր ջերմությամբ, թուլությամբ ու դողէրոցքով։ Այս բոլոր սիմպտոմները հանգեցնում են օրգանիզմից ջրի մեծ ծավալի «փախուստի»։ Ջրազրկումը, իր հերթին, վատթարացնում է հիվանդության ընթացքը, թուլացնում է իմունիտետը և խոչընդոտում է հիվանդության արագ նահանջին։ Մենք բոլորովին պատահական չենք օգտագործում այս «մարտական» տերմինները։ Հարբուխն իսկապես հեշտ հիվանդություն չէ։ Իսկ դրա պարագայում ջրազրկումն ամենաարագ ճանապարհն է՝ բարդությունների համար։
Ինչպես է ջուրն ազդում օրգանիզմի վրա
Ջուրն անփոխարինելի հեղուկ է մեր օրգանիզմի համար։ Մենք հաճախ ենք փորձում այն փոխարինել այլ հեղուկներով, ինչպես սուրճը, թեյը, հյութերը, հաճախ նույնիսկ ապուրներն ենք դիտարկում՝ որպես ընդունած հեղուկ։ Այս ամենն իհարկե կարևոր է, սակայն ոչինչ չի կարող փոխարինել մաքուր ջուրը, որի ընդունումը ջրազրկման դեմ լավագույն միջոցն է։
- Պայքար ջրազրկման դեմ: Ցանկացած հիվանդության դեպքում ջրազրկումը բնական գործընթաց է։ Ջրի բավարար քանակի ընդունումը թույլ է տալիս վերականգնել ջրային բալանսը և օգնել օրգանիզմին՝ արագ դուրս բերել վնասատուներին։ Ջրի բավարար քանակը հաշվելու բազմաթիվ հաշվիչներ կան ինտերնետում։ Պարզապես նկատի ունեցեք, որ եթե օրգանիզմը պայքարում է որևէ վիրուսի դեմ, անհրաժեշտ է հաշվարկված ծավալից գոնե 1լ ավել հեղուկ՝ գերադասելի է, մաքուր ջուր ընդունել։
- Խորխի նոսրացում: Հարբուխի ամենատհաճ սիմպտոմներից մեկի՝ հազի հիմնական պատճառը շնչուղիներում խորխի առկայությունն է։ Դրա խտության վրա ազդում է նաև ջրի բավարար ծավալի ընդունումը։ Ինչպես կարելի է հասկանալ, որքան նոսր է խորխը, այնքան ավելի հեշտ է այն դուրս գալիս օրգանիզմից՝ նվազեցնելով նաև հազի տհաճությունը։
- Մարմնի ջերմաստիճանի կարգավորում: Բարձր ջերմության դեպքում, երբ օրգանիզմը մեծ ծավալի ջուր է կորցնում, դրա վերականգնումը անհրաժեշտություն է։ Ջուրը նաև օգնում է մարմնի ջերմաստիճանի կարգավորմանը։
- Իմունիտետի ամրապնդում։ Իմունային համակարգը մեր գլխավոր պաշտպանն է։ Ջուրն օգնում է իմունային բջիջների և հակամարմինների «տեղափոխմանը»՝ պայքարի օջախ, ինչի արդյունքում բարձրանում է նաև հիվանդության դեմ պայքարի արդյունավետությունը։
Ինչպես պետք է ջուր խմել հարբուխի ժամանակ
- Պարբերականություն: Մի սպասեք, մինչև ծարավի անհագուրդ ցանկություն կունենաք։ Փոքր կումերով ջուր խմեք գրեթե անընդհատ։ Դա կօգնի օրգանիզմը հիդրացված պահելուն։
- Տաք ջուր: Տաք կամ սենյակային ջերմաստիճանի ջուրը օրգանիզմն ավելի լավ է կլանում։ Այն նաև ջերմացնում է կոկորդը, մեղմում ցավը։ Հիշեք, որ տաք ոչ մի դեպքում չի նշանակում եռման։ Ցանկալի առավելագույն ջերմաստիճանը գերադասելի է, որ չգերազանցի մարմնի ջերմաստիճանը՝ տվյալ պահին։ Դա կհասկանաք նույնիսկ մատով ջրի ջերմությունը չափելիս։
- Ջուր՝ կիտրոնով: Այս ժամանակակից տենդենցը ևս ընդունելի է հարբուխի պարագայում։ Նախ, ջուրը կօգնի օրգանիզմի հիդրացիային, իսկ կիտրոնը կարող է լինել վիտամին C-ի լավ աղբյուր, թեև ոչ բավարար՝ հիվանդ ժամանակ։
- Խոտաբույերով թեյ։ Մենք իհարկե ասացինք, որ մաքուր ջուրը ոչինչ չի փոխարինի, բայց եթե թեյի սիրահար եք, իհարկե խմեք այն։ Հարբուխի դեմ պայքարում հատկապես օգտակար է կոճապղպեղը, մորին, կիտրոնը՝ համադրված տարբեր խոտաբույսերի հետ։
Կարևոր է հիշել
Խուսափեք գազավորված ըմպելիքներից՝ ոչ միայն հարբուխի ընթացքում, այլ ընդհանրապես առօրյայում։ Իսկ հարբուխի պարագայում արգելվում է ալկոհոլի ընդունումը։ Սուրճ ու թեյ չարաշահելը ևս չի խրախուսվում։ Նշված բոլոր «ոչ ցանկալիները» ուղիղ ճանապարհ են՝ դեպի ջրազրկում։ Իսկ ջուր օրգանիզմին շատ է պետք՝ հատկապես հարբուխի ժամանակ։
Ջուրը պարզապես հեղուկ չէ, այն մեր կյանքի և առողջության հիմքն է։ Հարբուխի պարագայում օրգանիզմին օգնելու տեսանկյունից այն հատուկ կարևորություն ունի, քանի որ ինֆեկցիաների դեմ պայքարի կաևորագույն բաղադրիչներից է։ Նույնիսկ առողջ ժամանակ միշտ հիշեք հիդրացիայի կարևորության մասին։ Ու թող բոլոր հարբուխները ձեզ շրջանցեն։
Նկատառում. Այս հոդվածը կրում է տեղեկատվական բնույթ և ոչ մի պարագայում ՉԻ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ բժշկի խորհրդտավությունը։ Հատկապես հարբուխի ինքնաբուժումը կարող է ծայրահեղ բացասական հետևանքներ ունենալ ոչ միայն ձեզ, այլ նաև ձեր հարազատների համար՝ հաշվի առնելով հիվանդության օդակաթիլային տարածման եղանակը։ Ուստի հիվանդության առաջին իսկ ախտանշանների դեպքում՝ դիմեք բժշկի։